Ամերիկացի ռեժիսոր, արմատներով հայ Դեյվիդ Մըքենզին Երևանում ունեցած իր հեռուստահարցազրույցում կրկնեց այն «հանրահայտ» տեսակետը, թե հայերի ու հրեաների միջև ընդհանրություններ շատ կան: Այս մտայնությունն առհասարակ շատ տարածված է Հայաստանում: Չեմ կարծում, թե այդ կարծիքին են նույն հրեաները: Մեկ անգամ չի ասվել՝ երկու պարագա իհարկե մեզ ընդհանրացնում է՝ երկու ազգերն էլ ցեղասպանություն են ապրել և սփռված են աշխարհով մեկ: Ընդ որում, մենք պաշտոնապես ճանաչել ենք հրեաների ցեղասպանությունը, նրանք մերը՝ ոչ: Եվ հազիվ թե երբևէ ճանաչեն: Ինչ են ասում՝ իհարկե գիտեն մեր ողբերգության մասին, սակայն բոլորովին էլ պարտադիր չէ, որ իրենց խորհրդարանն ընդունի այդ փաստը: Այսինքն, իմաստ չունի, որ հայերի պատճառով բարդացնեն իրենց կյանքը, մասնավորապես առնչված Թուրքիային:
Մոսկվայում տարբեր առիթներով շփվելով հրեաների, հրեա գործընկերների հետ, մասնավոր անձս եկել է այն եզրակացության, որ մեր միջև գրեթե չկան ընդհանրություններ: Ընդսմին, խոսքը չի վերաբերում լավին կամ վատին: Ոչ: Մ՜ենք ունենայինք ինքնասեր ու համաշխարհային գերազանցության ձգտող այս գերպրագմատիկ ցեղի մասշտաբայնությունը: Մենք պարզապես միամիտ ազգ ենք նրանց համեմատ: Հրեայի համար հրեական ազգի եզակիության պարագան անվերապահ է: Անշուշտ հրեաների պատմության մեջ էլ են եղել ներքին հակասություններ, երկպառակություններ, դավաճանություններ և այլն: Սակայն այն իրողությունը, որ հազարամյակներ շարունակ չունենալով հայրենիք և պետականություն, նրանք ոչ միայն չձուլվեցին ու չվերացան աշխարհի երեսից (ու՜ր են մերձավորարևելյան երբեմնի հզոր շատ ազգեր), այլև կարողացան վերականգնել բաղձալի Իսրայել պետությունը, իսկապես եզակի պատմական ֆենոմեն է: Հրեան հրեայի համար բացարձակ արժեք է:
Լրագրողի (ոչ պատմաբանի), հնարավոր է` սուբյեկտիվ, այս «մտորումներն» ու հատկապես վերջին թեզը այս անգամ սնունդ առան ժամանակակից հրեաների կյանքում տեղի ունեցած բնավ էլ ոչ պատմական, բնավ էլ ոչ շրջադարձային, սակայն հրեային խիստ բնորոշ մի իրադարձության կապակցությամբ, ինչը, ի դեպ, քննության առարկա դարձավ ռուս նացիոնալիստական մամուլի էջերում:
26 տարի առաջ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել հրեա մի աղջիկ՝ Նաամի Իսահարը: 16 տարեկանում ծնողների հետ արտագաղթել է հայրենի Իսրայել: Գերազանց ծառայել է բանակում: Զորացրվելով, գլխովին թաղվել է յոգայի մեջ և սկսել է հաճախակի այցելել Հնդկաստան: Այստեղ էլ հնամյա ուսմունքին զուգահեռ հրապուրվել է նաև նույնքան հնամյա հնդկական հաշիշով, այն աստիճանի, որ ձեռնամուխ է եղել նաև դրա առուծախին: Ահա և, մի տխուր օր Դելի-Թել Ավիվ չվերթով Մոկվայի Շերեմետևո օդանավակայանում կատարած տարանցիկ վայրէջքի ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է նշյալ հաշիշի զգալի քանակություն: Եվ չնայած տեղի հրեական համայնքի, հրեա փաստաբանների բուռն ջանքերին, Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանը թմրանյութերի մաքսանենգության համապատասխան հոդվածով նրան դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման: ՈՒ հենց այստեղից է սկսվում ամենահետաքրքրականը:
Եվ սպասելիորեն իսրայելական ողջ հասարակությունը ոտքի է կանգնում ի պաշտպանություն ընդամենը «սխալ» թույլ տված ջահել աղջկա՝ դատավճիռը շատ խիստ է, պետք է վերանայել: Բայց սա դեռ ոչինչ: Գործին է ներգրավվում Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն: Բիբին անձնապես երկու անգամ ներման խնդրանքով դիմում է... Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Իսկ ահա թե վերջինիս ուղղված նամակում ինչ է գրում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը. «Քրեական անցյալ չունեցող կնոջը նման խիստ ժամկետով դատապարտելը ծայրահեղ քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ նրա ողջ հետագա կյանքի վրա: Ես հայցում եմ ձեր գթասրտությունն ու կարեկցանքը և խնդրում եմ անձնական միջամտությունը նրա ներումն ապահովելու համար»: Երկրի արտգործնախարար Իսրայել Կացը խոստովանում է, որ երկրի ղեկավարներն ամեն ինչ արել են, որ գործը չհասնի դատարան, սակայն մի շարք պատճառներով դա նրանց չի հաջողվել: Սակայն շարունակենք. Մոսկվան պատրաստակամություն է հայտնել թմրամաքսանենգին փոխանակելու ամերիկացիների պահանջով Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում «բռնված» Ռուսաստանի քաղաքացի, «կիբերհանցագործ» Ալեքսեյ Բուրկովով: Սակայն հրեական կողմը կտրականապես մերժել է առաջարկը և դատարանի որոշմամբ առաջիկայում Բուրկովին կհանձնեն ԱՄՆ-ին: Դե, վայել չէ, որ իրենց աղջկան փոխարինեն ինչ-որ հանցագործ ռուսով, նեղացնելով ամերիկացիներին:
Ինչպես ասվեց, մեկ հրեա թմրամոլ-թմրավաճառի համար խռովվել է ողջ Իսրայելը: Իսկ ահա «ընդհանրություններ» փնտրող հայերը կարո՞ղ են պատկերացնել մի այսպիսի ֆանտաստիկ տեսարան: Ներհայաստանյան անարդարություններից «պլանքյաշ» դարձած մի հայ կին Մոկվայում ձերբակալվել է նույն թմրանյութը ապօրինաբար վաճառելիս: Եվ դեպքի կապակցությամբ վրդովվում է համայն հայությունը, խառնվում են երկրի վարչապետն ու նախագահը, արտգործնախարարը, ծեծում են Կրեմլի դռները, դիմում են Պուտինին, Լավրովին, թե մեղք է այդ կինը, հինգ թե վեց երեխա ունի, հայրն էլ վաղաժամ մահացել է, բա ոնց պահի անտեր մնացած մանչերին... Ոչինչ, որ հասարակացնում ենք խնդիրը: Սա էլ է համեմատելի-ուսանելի:
Անիմաստ է ընդհանրություններ փնտրել երկու ժողովուրդների միջև: Ավելի ազգօգուտ կլինի, եթե ազգի հզորացման առումով դասեր քաղենք ամենատես հրեաներից: Ի վերջո, քաղաքական հեքիաթ չէ, երբ ասում են, թե հրեաները ձգտում են համաշխարհային տիրակալության: Տեսեք աշխարհի բազմաթիվ առաջատար պետություններում ի՜նչ առաջատար դիրքեր ունեն նրանք քաղաքական կյանքի, խոշոր բիզնեսի, լրատվության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում: Կոնկրետ օրինակ՝ Ռուսաստանը:
Եկեք անաչառ լինենք, տվյալ դեպքում խոսվեց մեկ մարդու մասին: Իսկ Հայաստանի ղեկավարներց որի՞ սիրտը ցավեց, չասենք ողբաց, մեկ միլիոնից ավելի հայաստանցիների արտագաղթի համար:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա